Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Այն, ինչ պատրաստվում է Կողբի գեղարվեստի դպրոցում, օրիգինալ է, բրենդ»

«Այն, ինչ պատրաստվում է Կողբի  գեղարվեստի դպրոցում, օրիգինալ է, բրենդ»
27.10.2015 | 10:27

Կողբի գեղարվեստի դպրոցը (ԿԳԴ) 15 տարեկան է: Հիմնադրվել է համագյուղացի նկարիչ ԿԱՐՈ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆԻ նախաձեռնությամբ: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ խնդիրներ ունի դպրոցը և ինչ ձեռքբերումներ է ունեցել այս տարիների ընթացքում, Կարո Ղուլիջանյանն ասաց, որ խնդիրներ չունեն, եղած խնդիրներն էլ սեփական ուժերով, իրենց միջոցներով են լուծում: Դպրոցը բարեգործական է: Ստեղծման նպատակն է եղել մայրաքաղաքից հեռու սահմանամերձ Կողբում (Տավուշի մարզ) և շրջակա գյուղերում արթնացնել, աշխուժացնել մշակութային կյանքը, ստեղծել համապատասխան միջավայր, ի հայտ բերել և միավորել տարածաշրջանի շնորհալի երեխաներին ու երիտասարդներին:
Դպրոցում ուսուցանվում են գծանկարչություն, գեղանկարչություն, կոմպոզիցիա և արվեստի պատմություն: Երեխաները հետաքրքրվում են արվեստի բոլոր ճյուղերով, ստանում են հիմնարար գիտելիքներ, հետո արդեն կարող են ընտրել նեղ մասնագիտությունը: Այստեղ սովորում են երեխաներ Նոյեմբերյան, Այրում քաղաքներից և Կողբ, Բերդավան,Դովեղ, Ջուջևան, Ոսկեվան գյուղերից:
Դպրոց գնալ-գալու հեռավորությունը հաղթահարելը դժվար է երեխաների համար, բայց զրուցակիցս նկատեց, որ ուսուցումն անվճար է, միաժամանակ հետագա խնդիրներից են ազատվում (լրացուցիչ պարապմունքներ և այլն). «Մենք երեխաներին կրթում ենք և օգնում, որ տարբեր ուսումնական հաստատություններ ընդունվեն: Փորձում ենք ճանապարհի խնդիրն էլ լուծել` մասնաճյուղեր բացելով հարակից գյուղերում` Ոսկեվան, Բագրատաշեն»:
Կողբի գեղարվեստի դպրոցում ընդունելությունը մրցութային կարգով է, ընդունվում են 12 տարեկանից, մինչ այդ հաճախում են Նոյեմբերյանի մանկական գեղարվեստի դպրոց: Քառասուն աշակերտ ուսուցանելու հնարավորություն ունեն, թեև ցանկացողները շատ են: Ազատ գրաֆիկով դպրոց են հաճախում նաև տարածաշրջանի շատ արվեստասերներ:
Դպրոցի աշխատանքային գրաֆիկը հագեցած է տարբեր միջոցառումներով` ցուցահանդեսներ, տոնակատարություններ, հանդիպումներ արվեստագետների հետ և այլն: ԿԳԴ-ն անցկացնում է մեկամսյա պլեներ-սիմպոզիում տարածաշրջանի գեղատեսիլ սարերում, որին մասնակցում են դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները, նկարիչներ: Առօրյան հագեցած է ստեղծագործական աշխատանքով: Հաճախակի հյուրընկալվում են հայտնի արվեստագետներ և արվեստասերներ: Դպրոցն ավարտած, ՀՀ տարբեր բուհերում սովորող ուսանողները, պահպանելով կապը, ներգրավվում են դպրոցի կազմակերպչական և ստեղծագործական աշխատանքներում:


«Դպրոցի ուսուցիչները մեր դպրոցի սաներն են, դասավանդում են անվճար: Մենք անվճար սովորեցրել ենք ժամանակին, հիմա իրենք անվճար դասավանդում են»,- ասաց Կարո Ղուլիջանյանը, նշելով, որ դպրոցը նաև ինքնաբավ դառնալու քայլեր է անում: Գեղարվեստի դպրոցի ուսուցիչների նախաձեռնությամբ ստեղծվում են ձեռքի աշխատանքներ` նկարազարդ դրամապանակներ, պայուսակներ, ակնոցի և հեռախոսի տուփեր, գոտիներ, վզնոցներ, վզկապներ, դեկորատիվ կոմպոզիցիաներ և այլ հուշանվերներ, որոնց վաճառքից ստացված գումարի մի մասը ծախսվում է դպրոցի կարիքների համար:
Զրուցակիցս նշեց նաև, որ այն, ինչ պատրաստվում է դպրոցում, օրիգինալ է, բրենդ, ու խնդիր չունեն իրացման, դրանք վաճառվում են «Գաֆեսճյան» կենտրոնի խանութի սրահում և այլուր: Ինտերնետ խանութների միջոցով «Երեքնուկի» (ԿԳԴ-ի ուսուցիչների հիմնած կազմակերպությունն է) ձեռքի աշխատանքները հասնում են նաև արտերկրի գնորդներին:
Հավելենք, որ արվեստասերների առաջ իր դռներն է բացել գեղարվեստի դպրոցի երկրորդ հարկը: Նորակառույց սրահում լինելու են կինոցուցադրություններ, քննարկում-հանդիպումներ, ցուցահանդեսներ: Շուտով պատրաստ կլինի նաև տիկնիկային թատրոնի բեմը: Դպրոցում կողբեցի ռեժիսոր Սասուն Մուրադյանի ղեկավարությամբ կբացվի տիկնիկային թատրոն: Նախատեսվում է նաև կիթառահարների խումբ ստեղծել: Ծրագրերը շատ են: Դպրոցին հարակից այգում կառուցվելու են մետաղի գեղարվեստական մշակման դարբնոց, կավե իրերի պատրաստման տաղավարներ, թոնրատուն, ինչը կնպաստի դպրոցում ժողովրդական, նաև կիրառական արվեստների զարգացմանը, միաժամանակ կընդգրկվի զբոսաշրջության ծրագրում: Կարո Ղուլիջանյանը նշեց, որ գեղարվեստի դպրոցը հյուրերի պակաս չունի: Կողբ այցելող յուրաքանչյուր ոք` հայաստանցի, սփյուռքահայ, օտարազգի, անպայման այցելում է այս եզակի արվեստի կենտրոնը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ